Հոդված 9. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը
Հոդված 9. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը
1. Որպես ֆիրմային անվանում` գրանցման ենթակա չէ այն անվանումը, որի տարբերակող նշանակության անունը՝
1) համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքի, ծառայության կամ հաստատության անվանում.
2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ կամ տերմին է.
3) նշում է ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, հատկությունը, արժեքը, ստեղծման նպատակը կամ գովազդում է դա.
4) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը կամ շփոթելու աստիճան նման է դրան: Միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանմանը շփոթելու աստիճան նման անվանումը կարող է գրանցվել որպես ֆիրմային անվանում միայն տվյալ կազմակերպության համաձայնությամբ.
5) հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն.
6) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, առաջացնում կամ կարող է առաջացնել անբարեխիղճ մրցակցության գործողություն:
2. Որպես ֆիրմային անվանում` չեն կարող գրանցվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝
1) սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որևէ ապրանքային նշանի, պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրանքային նշանի իրավատիրոջը:
3. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե նրանց տարբերակող անունները նույնական կամ շփոթելու աստիճան նման են:
4. Ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին:
5. Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը, ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման անվանումները կարող են գրանցվել միայն համապատասխանաբար` պահպանվող ֆիրմային անվանման, ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությամբ: