Հոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործումը
Հոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործումը
1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում իրավաբանական անձի կողմից այդ անվանման ներքո իրավունքներ և պարտավորություններ ձեռք բերելը, ապրանքներ արտադրելը, ծառայություններ մատուցելը և ֆինանսական գործառնություններ կատարելը:
2. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում նաև տվյալ իրավաբանական անձը նշելու նպատակով ֆիրմային անվանման կիրառումը ցուցանակների, կնիքների, դրոշմակնիքների, ձևաթղթերի, ազդագրերի, ապրանքների, դրանց փաթեթավորման, իրավաբանական անձի (արտադրողի կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակի վրա և իր կողմից արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գովազդներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ կիրառումները։
3. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի ֆիրմային անվանումը՝ ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը։
4. Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան:
5. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում: