Հոդված 42. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Հոդված 42. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Ֆիրմային անվանումը ձեռնարկության անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը:
Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը պետք է բովանդակի` ձեռնարկության անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք սեփականատերը (սեփականատերերը) կամ հիմնադիրը (հիմնադիրները) համարում է անհրաժեշտ:
Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումը պետք է բովանդակի ձեռնարկության անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը:
Ձեռնարկության լրիվ և կրճատ ֆիրմային անվանումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է գրանցվեն պետական լիազորված մարմնի կողմից: Ձեռնարկությունը կարող է օգտագործել ֆիրմային անվանումը միայն այն ձևով, որով այն գրանցված է պետական լիազորված մարմնի կողմից: Ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումները օգտագործում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, սակայն ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս կարող են օգտագործել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված այլ ֆիրմային անվանում:
Ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատված անվան օգտագործման համար անհրաժեշտ է ստանալ նրա կամ նրա ժառանգների համաձայնությունը, իսկ այդպիսիք Հայաստանի Հանրապետության տարածքում չլինելու դեպքում` պետական գրանցման լիազորված մարմնի թույլտվությունը: Եթե վերը նշված անձը, կամ նրա անվան օգտագործման թույլտվությունը տվող ժառանգորդը, կամ պետական գրանցման լիազորված մարմինը գտնում են, որ ձեռնարկության գործունեությունը ստվերում է այդ անձի հեղինակությունը (համբավը), ապա նրանք կարող են դիմել դատարան այդ անունը իր ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից ձեռնարկությանը զրկելու և (կամ) ձեռնարկությանը տուգանելու հայցով:
Ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ այլ ձեռնարկության, կազմակերպության, պետական մարմնի անվանումների, ինչպես նաև այնպիսի անունների ընդգրկման համար, որոնք նշում են վերոհիշյալներին` ձեռնարկության պատկանելիությունը, անհրաժեշտ է ստանալ նրանց կամ նրանց կողմից լիազորված անձանց թույլտվությունը:
Միևնույն ֆիրմային անվանման ներքո, համապատասխան տարածքում գործող պետական լիազորված մարմնի կողմից կարող է գրանցվել միատեսակ ոլորտներում գործունեություն իրականացնող միայն մեկ ձեռնարկություն: Առավելությունը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման համար առաջինը փաստաթղթեր ներկայացրած ձեռնարկությանը:
Ձեռնարկությունն իրավունք ունի դատական կամ արբիտրաժային կարգով պաշտպանել իր ֆիրմային անվանումը և այլ նույնանուն ձեռնարկությունից պահանջել այդ անվանման անօրինական օգտագործման դադարեցում և իրեն պատճառած վնասի փոխհատուցում: Այդպիսի իրավունքից օգտվում են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ պետություններում գրանցված ձեռնարկությունները: Որպես պատասխանող կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ձեռնարկությունները:
Ձեռնարկության ֆիրմային անվանման օգտագործման իրավունքը ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից լիազորված մարմնի, որոշմամբ կարող է տրվել այլ անձի: