Հոդված 3. Հարկատուները
Հոդված 3. Հարկատուները
1. Սույն օրենքի իմաստով` հարկատու են համարվում (գույքահարկ են վճարում) ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով պատկանում է սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետում նշված գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների, կենտրոնական բանկի և տեղական ինքնակառավարման մարմինների:
2. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (բացառությամբ` գյուղացիական տնտեսությունների) վրա տարածվում է գույքահարկի` իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված հարկման կարգը:
Գյուղացիական տնտեսությունների վրա տարածվում է գույքահարկի` սույն օրենքով ֆիզիկական անձանց համար սահմանված հարկման կարգը:
3. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկատուների, ապա գույքահարկի և դրանից բխող այլ պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկատուների, ապա նրանք գույքահարկի և դրանից բխող այլ պարտավորությունների համար կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով: