Հոդված 4. Հարկվող օբյեկտը և հարկման բազան
Հոդված 4. Հարկվող օբյեկտը և հարկման բազան
1. Սույն օրենքի իմաստով` հարկվող օբյեկտ է համարվում սեփականության իրավունքով հարկատուին պատկանող`
ա) բնակելի (բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, բնակելի տունը և նրան կից տնտեսական շինությունները` անասնաշենք, հացատուն, ամառային խոհանոց, մարագ և այլն), հասարակական և արտադրական նշանակության շինությունները, (այսուհետ` շինություններ).
բ) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտի այն միջոցների, որոնցով իրականացվում է տրանսպորտային գործունեություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա.
գ) (ենթակետը հանվել է 28.12.98 ՀՕ-274)
դ) ջրային փոխադրամիջոցները:
2. Սույն օրենքի իմաստով` շինություններ են համարվում`
ա) հասարակական նշանակության` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները.
բ) արտադրական նշանակության` արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը և շինությունները.
գ) բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված շինությունները` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.
դ) բնակարան` շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով.
ե) բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող շենքը.
զ) բնակելի տուն` բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով օժտված, իր տնտեսական շինություններով կառույցը.
է) այգետնակ` այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված շենքը` իր տնտեսական շինություններով:
3. Սույն օրենքի իմաստով` հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ բնութագրիչը, որի հիման վրա սույն օրենքի III և V գլուխներով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը:
(4-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-274)