Հոդված 21. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ: ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ: ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Եթե ֆոնդային բորսան տեղեկացնում է Հանձնաժողովին (վերջինիս կողմից սահմանված ձևով), որ տվյալ արժեթուղթն ընդունված է գրանցման և հետագա ցուցակման համար, ապա ֆոնդային բորսայում այն գրանցված է համարվում այդ տեղեկացումը Հանձնաժողովի կողմից ստանալու 10-րդ կամ դրան նախորդող այն օրը, երբ Հանձնաժողովը հայտնում է տվյալ արժեթղթերի գրանցմանը չառարկելու մասին:
Նշված ժամկետում Հանձնաժողովը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարող է իր որոշմամբ առարկել արժեթղթերի գրանցմանը, եթե ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը լիարժեք չեն: Այս դեպքում արժեթղթերը ֆոնդային բորսայում գրանցված են համարվում այն օրը, երբ Հանձնաժողովը գտնում է, որ հայտարարագիրը լրացված է որոշմանը համապատասխան: Հանձնաժողովը, վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, պարտավոր է հայտնել չառարկելու կամ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ նոր առարկություն ներկայացնելու մասին:
2. Ֆոնդային բորսան իր կանոններով սահմանված ժամկետներում քննարկում է գրանցման հայտարարագիրը և կարող է մերժել արժեթղթի գրանցումը` Հանձնաժողովին ներկայացնելով մերժման որոշման պատճենը: Ֆոնդային բորսան կարող է ցուցակումն ու գրանցումը մերժել միայն այն դեպքում, եթե թողարկողը կամ նրա արժեթղթերը չեն համապատասխանում ցուցակման և գրանցման կանոններով սահմանված պահանջներին ու պայմաններին, կամ եթե ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը լիարժեք չեն:
3. Ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերը մեկ այլ ֆոնդային բորսայում առանց գրանցման և ցուցակման վաճառելու արտոնություններ (այսուհետ` չցուցակված արժեթղթերի վաճառքի արտոնություններ) վերապահելը թույլատրվում է միայն Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով: