Հոդված 12. Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում տալու կարգը
Հոդված 12. Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում տալու կարգը
Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձինք` ըստ իրենց ժամանակավոր կացարանների գտնվելու վայրի, սահմանված կարգով` տասնօրյա ժամկետում, գրավոր դիմում են լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար: Փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձինք ստանում են փախստականի կարգավիճակ հայցողի վկայական:
Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունեն 16 տարին լրացած անձինք: 16 տարին չլրացած անձանց համար դիմումները ներկայացնում են նրանց ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ:
Եթե 16 տարին չլրացած անձինք Հայաստանի Հանրապետությունում չունեն ծնողներ կամ այլ օրինական ներկայացուցիչներ, ապա նրանք անհապաղ վերցվում են պետության խնամքի տակ:
Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պարտադիր ընդունվում և սահմանված կարգով գրանցվում են:
Փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը և գրանցման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Դիմողն ազատվում է փախստականի կարգավիճակի համար դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու հետ կապված ծախսերից:
Փախստականի կարգավիճակը տրվում է 3 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգվում է փախստականի կարգավիճակ տալու` օրենքով սահմանված կարգով: Եթե դադարել են այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, ապա անձը կորցնում է փախստականի կարգավիճակը:
(12-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152)