Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 28. Համալսարանական (պետական բարձրագույն ուսումնական հաստատության) ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները

գործել է մինչև 2000-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 28. Համալսարանական (պետական բարձրագույն ուսումնական հաստատության) ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները

1. Համալսարանական պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով: Նրանք իրավունք ունեն մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքին:

2. Պրոֆեսորադասախոսական կազմը, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ազատ է դասավանդվող ուսումնական նյութի շարադրման և դասավանդման մեթոդների ընտրության մեջ:

3. Համալսարանական գիտաշխատողները սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաների ընտրությունը և մշակումն իրականացնելիս ազատ են:

4. Ուսանողներն ազատ են գիտելիքներ ստանալու, հետազոտություններով զբաղվելու` ըստ իրենց հակումների: Նրանք կարող են մասնակցել ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատել պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ընտրովի պաշտոններն են` ռեկտոր, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման ղեկավար), ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս: Այդ պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում` բարձրագույն ուսումնական հաստատության (մասնաճյուղի) խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) խորհուրդ, հավակնորդների թեկնածությունները քննարկելու և գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական պատվեր` ըստ մասնագիտությունների և ուսումնական հաստատությունների: Բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրեն հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը:

7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավասու է տնօրինելու սեփական ֆինանսական միջոցները` ապահովելով մասնաճյուղի, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) ֆինանսական գործունեության ինքնուրույնությունը` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Բարձրագույն ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի նախագիծը ձևավորվելուց հետո յուրաքանչյուր օրացուցային տարվա վերջում հաստատվում է բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդում և ներկայացվում կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

8. Երևանի պետական համալսարանը կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։