Հոդված 41
Հոդված 41.
Օրենքի 112-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:
Հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռարձակումը սկսվում է այդ մասին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո` 1 ժամվա ընթացքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռուստա(ռադիո)-հեռարձակումը, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և սույն հոդվածի 4-րդ կետերով նախատեսված դեպքերում տեսագրությամբ հեռարձակումն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, պետական գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցույթը հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն): Մրցույթի պայմանները, այդ թվում` հեռարձակման ժամերին, և սփռման տարածքին ներկայացվող պահանջները սահմանվում են Ազգային ժողովի նախագահի կողմից:».
3) 3-րդ մասի «բ» կետում «ժամ» բառը փոխարինել «շաբաթ» բառով.
4) 3-րդ մասի «գ» կետում «և պատգամավորական խմբերի» բառերը փոխարինել «, պատգամավորական խմբերի, Ազգային ժողովի պատվիրակությունների և գործուղման մեկնած պատգամավորների» բառերով.
5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միևնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին` ըստ այբբենական հերթականության (հավասար մասնակցությամբ), սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի.2» ենթակետով նախատեսված կարգով տրամադրվում է մինչև 3-ական րոպե, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը:».
6) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.
«5.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունները (ձայնագրությունները) իրականացնում են սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը, ռադիոընկերությունը):»: