Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը
Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) ժամանակին և սահմանված ձևով համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնել հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաև տրամադրել նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ.
բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.
գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության համար անհրաժեշտ ժամանակով:
2. Ներքին գործերի մարմինները պարտավոր են`
ա) զինապարտներին անձնագիր տալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառելու և հաշվառումից հանելու գործողությունները կատարել` նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում.
բ) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու և հաշվառելու գործում:
3. Բժշկական-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովները մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից:
4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները:
5. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները` նշված անձանց վերաբերյալ` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և վերջնական որոշումների մասին:
Ազատազրկման, կալանքի և ազատության սահմանափակման դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների և պահեստազորայինների զինվորական գրքույկները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ` դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`
ա) զինվորական հաշվառման կանգնած զինապարտներին հայտնել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.
բ) աջակցել զորակոչիկների հանրապետություն ժամանմանը և այդ մասին հայտնել համապատասխան զինվորական կոմիսարիատ:
7. Պաշտոնատար անձանց կողմից զինապարտության կատարման ապահովմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: