Հոդված 23. Զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակելը
Հոդված 23. Զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակելը
1. Զինծառայողներին զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակում է զորամասի հրամանատարը` սույն օրենքի 21 հոդվածում նշված ժամկետներում և պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:
2. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են, եթե նրանք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի` առողջական վիճակի պատճառով:
Այն զինծառայողները, ովքեր ծառայության ժամանակաշրջանում սույն օրենքի 12 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 13 հոդվածի հիմքերով ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու և զորակոչից տարկետում ստանալու իրավունք, արձակվում և հաշվառվում են որպես պահեստազորայիններ` մեկամսյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված զինծառայողներին արձակելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:
4. Սույն օրենքի 13 հոդվածի հիմքերով պահեստ արձակված անձինք կարող են ժամկետային զինծառայության զորակոչվել մինչև 27 տարեկան դառնալը, եթե տարկետում ստանալու հիմքերը վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 16 ամիսը:
5. Կարգապահական գումարտակում պատիժը կրած անձինք ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, վարժական հավաքներ անցած և սահմանված ստուգարքները հաջող հանձնած զինվորներին և սերժանտներին ժամկետային զինվորական ծառայության ավարտից առաջ պահեստազոր տեղափոխելիս շնորհվում է սպայի կամ ենթասպայի կոչում: Պահեստազոր տեղափոխվելիս սպայի կամ ենթասպայի կոչում չստացած անձինք կարող են ներգրավվել պահեստազորի սպաների և ենթասպաների պատրաստման համար կազմակերպվող զինապարտների վարժական հավաքներին:
Ստուգարքների հանձնման ժամկետները և կարգը սահմանում է պաշտպանության նախարարը: