Հոդված 21. ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 21. ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Կոլեկտիվ նշանի գրանցման հայտին կցվում են` կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, միության կամ կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու համար լիազորված իրավաբանական անձի անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձանց ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար:
2. Ի լրումն սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկությունների` գրանցամատյանում նշվում են նաև տեղեկություններ կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձանց մասին: Այդ տեղեկությունները, ինչպես նաև կանոնադրությունից քաղվածքը, միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող այն ապրանքների մասին, որոնց համար գրանցված է տվյալ կոլեկտիվ նշանը, հրատարակվում են գերատեսչության պաշտոնական տեղեկագրում:
3. Կոլեկտիվ նշանի սեփականատերը տեղեկացնում է գերատեսչությանը կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4. Միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում, ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, գրանցման գործողությունը կարող է դադարեցվել վաղաժամկետ` ամբողջովին կամ մասնակիորեն:
5. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը գերատեսչության կողմից սահմանված կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը:
(21-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)