Հոդված 12. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԱՅԼ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 12. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԱՅԼ ՀԻՄՔԵՐԸ
1. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`
ա) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված (եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն) ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույն կամ նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող` ավելի վաղ առաջնությամբ` այլ անձանց ապրանքային նշաններին.
գ) նույն կամ նույնատիպ ապրանքների համար սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններին.
դ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը կամ աշխարհագրական նշումին, բացառությամբ այն դեպքերի, երբ, որպես չպահպանվող տարր, դրանք ներառված են դրանց օգտագործման իրավունք ունեցող անձանց ապրանքային նշանի մեջ.
ե) սահմանված կարգով գրանցված հավաստագրային կոլեկտիվ կամ երաշխիքային նշաններին.
զ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին (կամ դրանց տարբերակող նշանակության անվանը), եթե դրանց նկատմամբ իրավունքը ծագել է մինչև նույնատիպ ապրանքների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանի առաջնության թվականը:
(պարբերությունն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)
2. Որպես ապրանքային նշան չեն գրանցվում նաև այն նշանները, որոնք վերարտադրում են`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-139-Ն)
բ) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշները, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.
գ) հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունները, դրանց անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտները), դրանց հերոսներին` առանց դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականը:
Սույն կետը չի տարածվում այն ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներկայացնում են աշխարհագրական նշում.
դ) հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանցից ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները` առանց այդ անձանց, նրանց ժառանգների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված թույլտվության:
ե) մարդկանց դիմանկարները` առանց նրանց կամ նրանց ժառանգների համաձայնության:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը կարող է հիմք հանդիսանալ տվյալ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նշանի գրանցման համար` լիազոր մարմնի սահմանած կարգով:
4. (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-159-Ն)
5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում գինիների անհատականացման նույնական աշխարհագրական նշումների նկատմամբ, եթե դրանք զուգակցված են համապատասխան տարբերակիչ լրացումներով, պայմանով, որ պահպանված են սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:
(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-159-Ն)