Հոդված 29. Պակաս վճարված ապահովագրական նպաստի վճարումը, ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումը
Հոդված 29. Պակաս վճարված ապահովագրական նպաստի վճարումը, ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումը
1. Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից:
2. Ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ տարածքային կենտրոնի որոշմամբ, եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալի կամ ապահովագրական նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով:
Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ապահովագրական նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ապահովագրական նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:
3. Եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալով, ապա ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ապահովագրական նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավել, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:
4. Եթե ապահովագրական նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով, սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետներում: