Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)
Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)
1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից, որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են սոցիալական վճարներ:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13‑ապատիկը:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:
3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13‑ապատիկը:
4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)