Հոդված 4. Արտոնագրային վճար վճարողները
Հոդված 4. Արտոնագրային վճար վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող`
1) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.
2) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածներ N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք:
2. Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը:
3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
2) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին իրականացրել են Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
3) որոնք առևտրական գործունեություն են իրականացնում խանութում, Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում (տաղավարում).
4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
5) որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.
7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը):
4. Սույն օրենքի իմաստով վայր են համարվում ֆիզիկական անձի գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածներով սահմանված գործունեության տեսակները: