Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ֆիզիկական ուժի, հրազենի և հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության զորքերի զինծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:».
3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և մարտական տեխնիկայի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ:».
4) 3-րդ մասի 1-ին կետը «պահանջները» բառից առաջ լրացնել «օրինական» բառով, նույն կետի «վտանգի տակ է դնում» բառերը փոխարինել «անմիջական սպառնալիք է ստեղծում» բառերով, իսկ «կյանքն ու առողջությունը,» բառերը` «կյանքի ու առողջության համար կամ» բառերով.
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.».
6) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.».
7) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) վերադասության կարգով անմիջապես զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին, ինչպես նաև հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների և ռետինե մահակի), հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին:».
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:».
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
«4.2. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 4-րդ մասով և սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի և ռազմամթերքի, մարտական տեխնիկայի տեսակը և քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության զորքերի զինծառայողները:»: