Հոդված 18. Հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրելը և սահմանափակումները
Հոդված 18. Հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրելը և սահմանափակումները
1. Եթե լիազոր մարմին ներկայացված իրազեկումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հավաքի ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման, ապա լիազոր մարմինը հավաքի անցկացման համար կազմակերպչին կարող է առաջադրել հավաքի անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին վերաբերող պայմաններ։
2. Պայմանների վերաբերյալ լիազոր մարմնի և կազմակերպչի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքի ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։
3. Հավաքի անցկացման նկատմամբ սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հավաքի նպատակը կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հավաքի փաստացի արգելմանը։
4. Հավաքի անցկացման համար այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի իրազեկման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի իրազեկման մեջ նշված վայրին (երթի դեպքում` երթուղուն)։
5. Հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում և վայրում այլ, ներառյալ` հակադարձ ուղղվածությամբ հավաքի անցկացումն ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում ավելի ուշ իրազեկված հավաքի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։