Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ապրանքային շուկա» հասկացությունը «ապրանքային շուկա`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ սահմանված`» բառերով.
2) «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման» հասկացությունը «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված`» բառերով.
3) «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման» հասկացությունը «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված`» բառերով.
4) «ձեռքբերում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ.
«պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.».
5) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացության «ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «արտոնագրային վճար վճարող, անհատ ձեռնարկատեր» բառերով, իսկ «անձանց խումբ» բառերից հետո լրացնել «, առևտրային ցանց» բառերով.
6) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը.».
7) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով.
«առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները վերջնական սպառողին հասցնելու համար.
առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.
տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ.
գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացում.
գնի չհիմնավորված իջեցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցում.
գնի չհիմնավորված պահպանում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ` այդ գնի մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.».
8) «անձանց խումբ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնք գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, և (կամ) որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,
- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,
- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,
- կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,
- ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, երեխան, եղբայրը, քույրը,
- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,
- կազմակերպությունը, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:
Իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը սույն օրենքի իմաստով անձանց խումբ է համարվում Հանձնաժողովի որոշմամբ.».
9) «վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, եթե հասցեատերը հրաժարվում է թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունն առնվազն երկու անգամ հետ է վերադարձվում.».
10) «փայաբաժին» հասկացությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ.
«դիտանցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) իրականացվող դիտարկում:»: