Հոդված 22
Հոդված 22.
Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների, ինչպես նաև զգուշացում տալու իրավասությունը և կիրառման կարգը
1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:
2. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:
Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):
3. Եթե սույն օրենքով նախատեսված են վարչական վարույթի իրականացման, վարչական ակտի ընդունման, ուժի մեջ մտնելու, բողոքարկման կամ հարկադիր կատարման այլ կարգ և ժամկետներ, քան այլ օրենքներով, ապա գործում են սույն օրենքի դրույթները:
4. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու զգուշացում տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը:»: