Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող տուգանքի չափերը

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

2. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամ:

Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետևյալ ապացույցները`

- դիմողի անվանումը և հասցեն,

- հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ,

- հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ,

- բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,

- հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`

- տնտեսվարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) և (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումը: Դիմող տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է նաև ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչև Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը և այլն,

- տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:

Սույն մասի երրորդ պարբերությունում սահմանված դեպքում Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտի` սույն օրենքի խախտմամբ ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով:

Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելու կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող տարվա հասույթի մինչև չորս տոկոս, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև չորս տոկոս և չի կարող գերազանցել հինգ հարյուր միլիոն դրամը:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս, բայց ոչ ավելի, քան հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս և չի կարող գերազանցել հարյուր միլիոն դրամը:

7. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև երկու միլիոն դրամ:

9. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։