Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5.
Հակամրցակային համաձայնությունները, դրանց արգելումը
1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`
1) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն).
3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համաձայնություն):
3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
1) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.
2) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.
3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.
5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.
6) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը.
7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).
8) առանց հիմնավոր պատճառի առևտրային գործունեությունը որևէ տնտեսվարող սուբյեկտի հետ կազմակերպելու պայմանավորվածությանը.
9) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.
10) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
11) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:
4. Ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.
2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.
3) այլ տնտեսվարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.
4) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.
5) գործարքներում այնպիսի դրույթ(ներ) սահմանելուն, որը (որոնք) իր(իրենց) բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի (չեն) առնչվում գործարքի բուն առարկայի հետ.
6) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:
5. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`
1) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.
2) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:
6. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:
7. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին:
8. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողովին:»: