Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը
1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.
2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.
5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:
3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
6. Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են միավորվող տնտեսվարող սուբյեկտները:
7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).
3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):»: