Հոդված 4. Պետական պաշտոնները
Հոդված 4. Պետական պաշտոնները
1. Պետական պաշտոններն են՝ քաղաքական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները։
2. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
3. Սույն օրենքի իմաստով քաղաքական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները։
4. Քաղաքական պաշտոններ, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոնների, կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն։
5. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հանրապետության Նախագահի հրամանագրերով և այլ իրավական ակտերով։
6. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։
7. Սույն օրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններին առընթեր (միջազգային կազմակերպություններում) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և նրանց տեղակալների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականի պաշտոնները, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարների և ռեֆերենտների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարների տեղակալների և անդամների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների տեղակալների օգնականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալի օգնականի պաշտոնը։
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձանց խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, օգնականներին և ռեֆերենտներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորությունների դադարման դեպքում նրանք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը։
9. Քաղաքացիական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։
10. Սույն օրենքի իմաստով քաղաքացիական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի և անդամների, օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, նրանց անդամների, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները։
11. Քաղաքացիական պաշտոն կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
12. Քաղաքացիական պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոնները զբաղեցնելու համար օրենքով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ։
13. Պետական ծառայության պաշտոնը պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով: