Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) հանրային ծառայության պաշտոն` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոն.
2) հանրային ծառայության պաշտոնների անվանացանկ` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի միասնություն.
3) պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկեր` պետական ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև համայնքային ծառայության համար նախատեսված` օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների ցանկեր.
4) հանրային ծառայող` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձ.
5) հանրային ծառայության կադրերի ռեզերվ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության պաշտոններ չզբաղեցնող հանրային ծառայողների և անձանց հանրույթ.
6) համապատասխան մարմին` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմին.
7) հանրային ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող հանրային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հանրային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող` օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
8) հանրային ծառայության դասային աստիճան (կոչում)՝ հանրային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան շնորհվող որակավորման չափանիշ.
9) հանրային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին հանրային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).
10) հանրային ծառայողների վերապատրաստում՝ հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).
11) ծառայողական քննություն՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.
12) քաղաքացիական աշխատանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացում վարձու աշխատողների միջոցով` աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
13) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարմանն աջակցող անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող անձ.
14) հանրային ծառայողի ռոտացիա` օրենքով սահմանված դեպքում և կարգով հանրային ծառայողին նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ տարածքային ստորաբաժանումում), ինչպես նաև այլ մարմին փոխադրում.
15) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և կենտրոնական բանկի խորհրդի անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հանրապետության Նախագահի խորհրդականները և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը.
16) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք` բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.
17) շահերի բախում` իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.
18) բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադաս անձ` Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հանրապետության Նախագահի խորհրդականների և օգնականների համար` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, օգնականների համար` Ազգային ժողովի նախագահը, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի համար` սահմանադրական դատարանի նախագահը, նախարարի, կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, վարչապետի խորհրդականների և օգնականների համար` վարչապետը, նախարարների տեղակալների համար` նախարարը, գլխավոր դատախազի տեղակալների, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազների համար` գլխավոր դատախազը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների համար` մարմնի ղեկավարը, օրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների անդամների համար` տվյալ մարմնի ղեկավարը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալների և կենտրոնական բանկի խորհրդի անդամների համար` կենտրոնական բանկի նախագահը, վերահսկիչ պալատի անդամների համար` վերահսկիչ պալատի նախագահը, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետի, մարզպետների տեղակալների համար` համապատասխանաբար Երևանի քաղաքապետը և մարզպետները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համար` արտաքին գործերի նախարարը: Սույն կետում չթվարկված բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքի իմաստով համարվում են վերադաս չունեցող: