Հոդված 102. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը
Հոդված 102. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե`
1) (1-ին ենթակետն ուժը կորցել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ցուցակը գրանցվում է։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման և (կամ) առաջադրման համար նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը կեղծված են:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում գտնվող անձի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
5. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:
6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները, փոխանցվում են պետական բյուջե:
7. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող անձի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
8. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան:
9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
(Վերնագիրը լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(102-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն)