Հոդված 124. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը
Հոդված 124. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը
1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու իրավունք ունի առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
2. Առաջադրված թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`
1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:
Համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դարձել այնպիսի փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատարան` որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռով նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
(124-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն)