Հոդված 12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
Հոդված 12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
1. Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն ծանոթանալ ընտրողների ցուցակներին:
2. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակների մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
3. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք` այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:
4. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը քվեարկությունից 4 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
5. Քվեարկությունից հետո ընտրողների ցուցակներն առնվազն 7 օր փակցված են մնում տեղամասային կենտրոնում:
6. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի համայնքի ղեկավարից ստանալու տվյալ տեղամասային ընտրողների ցուցակների պատճենները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած վճարով: Համայնքի ղեկավարը պարտավոր է 3 օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրել ընտրողների համապատասխան ցուցակը: