Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20.
Միջոցառումների իրականացում կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում կամ մթնոլորտային օդի այնպիսի վիճակի դեպքում, որը սպառնում է մարդկանց առողջությանն ու կյանքին
Կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող նյութերի քանակի մեծացում, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ:
Եթե օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, ապա մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները և շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ:»: