Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) մթնոլորտ` երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսին և տարածվում մինչև մերձերկրային տիեզերական տարածություն.

2) մթնոլորտային օդ` բնական միջավայրի բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է և գտնվում է բնակելի, արտադրական և այլ տեսակի շենքերից դուրս.

3) վնասակար ներգործություն` մթնոլորտային օդի վրա վնասակար նյութերի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործություն.

4) աղտոտող (վնասակար) նյութ` քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որն առկա է մթնոլորտային օդում, և որը որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

5) մթնոլորտային օդի աղտոտում` մթնոլորտային օդ թափանցած կամ այնտեղ առաջացած աղտոտող (վնասակար) նյութեր, որոնք հանգեցնում են մթնոլորտային օդում այդ նյութերի բնական մակարդակի գերազանցման.

6) մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություն` աղմուկի, վիբրացիայի, իոնիզացնող ճառագայթման, ջերմային և այլ ֆիզիկական գործոնների վնասակար ազդեցություն, որի հետևանքով կարող են փոփոխվել մթնոլորտային օդի ջերմային, էներգետիկական, ալիքային, ռադիոակտիվ և այլ ֆիզիկական հատկությունները` ազդելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

7) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում.

8) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից վնասակար (աղտոտող) նյութն անջատվում և արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.

9) արտանետման անշարժ աղբյուր` որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով կազմակերպված և անկազմակերպ արտանետման աղբյուր.

10) արտանետման շարժական աղբյուր` տարածական տեղադիրքը փոփոխող արտանետման աղբյուր.

11) մթնոլորտային օդի մոնիթորինգ (դիտանց)` մթնոլորտային օդի վիճակի, նրա բաղադրության և նրանում կատարվող բնական երևույթների, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտի վրա ֆիզիկական ներգործությունների դիտարկման, գնահատման և ուսումնասիրության գործընթաց.

12) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (խտություն)` մթնոլորտային օդում աղտոտող առանձին նյութի այն առավելագույն կոնցենտրացիան, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա սույն օրենքի իմաստով.

13) սահմանային թույլատրելի արտանետում` արտանետում, որի հետևանքով արտանետված աղտոտող (վնասակար) նյութի գետնամերձ կոնցենտրացիան չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

14) մթնոլորտային օդի վրա սահմանային թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործության նորմատիվ` նորմատիվ, որի դեպքում վնասակար ֆիզիկական ներգործությունը չի հանգեցնում մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի գերազանցման.

15) մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակ` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործության այն առավելագույն մակարդակը, որի դեպքում այդ ներգործությունը բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

16) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը և շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային օբյեկտներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործության նվազեցմանը.

17) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն` մթնոլորտի բնական վիճակի, եղանակի, դրանում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

18) օդի պահանջվող օգտագործում` մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող նյութերի արտանետումները մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.

19) աղտոտման աղբյուրների խումբ` որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից արտանետվող վնասակար նյութերի վերադրման հետևանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է միասնական աղտոտում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։