Հոդված 3
Հոդված 3
Երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելը
1. Պայմանավորվող կողմերը ելնում են այն սկզբունքից, որ երրորդ երկրի քաղաքացին, որպես կանոն, վերադարձվում է այն երկիրը, որի քաղաքացիությունն ունի: Պայմանավորվող կողմերը ելնում են նաև այն սկզբունքից, որ քաղաքացիություն չունեցող անձը վերադարձվում է այն երկիրը, որտեղ ունեցել է իր վերջին բնակությունը, կամ որը նրան տվել է ճամփորդական փաստաթուղթ:
2. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի այն անձին, որը հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո կորցրել է հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիությունը և ձեռք չի բերել որևէ պետության քաղաքացիություն կամ հայցող Պայմանավորվող կողմից չի ստացել հավաստիացում, որ կստանա նրա քաղաքացիությունը, եթե այդ անձը չի բավարարում կամ այլևս չի բավարարում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու համար գործող պայմանները:
Սույն կետում նշված անձանց վրա տարածվում են սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ Հավելվածներում թվարկված` հաստատման կամ հավաստման միջոցները:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց այլ, քան սույն Համաձայնագրով նախատեսված պաշտոնականության, հետ կընդունի երրորդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր անձի, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու գործող պայմանները.
ա) եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ այդ անձն ունի հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն, կամ
բ) եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ այդ անձն անօրինական ձևով գտնվելու փաստը պարզելու պահին ունեցել է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն, և անօրինական ձևով գտնվելու փաստը պարզելու պահից անցել է ամենաշատը վեց ամիս, կամ
գ) եթե ապացուցվել է, որ այդ անձը հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու պահին ունեցել է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն, և մուտք գործելու պահից անցել է ամենաշատը վեց ամիս, կամ
դ) եթե ապացուցվել է կամ հավաստի է դարձել, որ անձն ունի հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված վավերական բազմակի մուտքի վիզա. եթե անձն ունի մի քանի պետության վավերական վիզաներ, ապա հետ ընդունելու պարտականություն հայցվող Պայմանավորվող կողմն ունի միայն այն դեպքում, եթե նրա կողմից տրված վիզայի վավերականության ժամկետը ավելի երկար է, քան մյուսներինը, կամ
ե) եթե անձն անօրինական մուտք է գործել հայցող Պայմանավորվող կողմի տարածք անմիջապես հայցվող Պայմանավորվող կողմի տարածքից:
Սույն կետում նշված երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունն ապացուցող փաստաթղթերի ցանկը ներկայացված է 3-րդ Հավելվածում: Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար, առանց հետագա պաշտոնականության, կճանաչեն ցանկացած նման ապացույց:
Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների առկայությունը հավաստող փաստաթղթերի ցանկը ներկայացված է 4-րդ Հավելվածում: Այն դեպքերում, երբ առկա են նման հավաստող փաստաթղթեր, Պայմանավորվող կողմերը ելնում են այն բանից, որ պայմաններն առկա են, եթե չեն կարող հաստատել հակառակը:
4. Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմը անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան դիմումի դրական պատասխանից հետո 14 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին տրամադրում է վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե իրավական կամ փաստական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ: