Հոդված 8. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Մրցույթի մասնակիցներն իրենց մրցութային առաջարկները ներկայացնում են մրցութային հանձնաժողով:
2. Մրցութային առաջարկը կազմվում է երկու մասից` տեխնիկական և ֆինանսական:
3. Տեխնիկական առաջարկը պարունակում է մրցույթի մասնակցի և նրա փորձառության մասին տեղեկություններ, մրցույթի պայմանների կատարումը հավաստող փաստաթղթեր, պարտավորագրեր, ներդրումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող պահանջներին համապատասխան այլ նյութեր ու տեղեկություններ:
4. Ֆինանսական առաջարկը ներառում է բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը և նախատեսված այլ վճարումների կատարման մասին նամակ-պարտավորագիրը:
5. Մրցութային առաջարկը ներառում է նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են մասնակցի պատրաստակամությունը և հիմնավորում նրա ունակությունը` ապահովելու մրցույթի պայմանների, բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի, գործունեության լիցենզիայի պայմանների և սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:
6. Մրցութային առաջարկները (կնքված ծրարները կամ փաթեթները) մրցութային հանձնաժողովի կողմից բացվում են նախապես հայտարարված օրը, ժամին և որոշակի տեղում` կառավարության խորհրդատուների, մամուլի և հեռուստատեսության ներկայացուցիչների, ինչպես նաև մրցույթի մասնակիցների կողմից լիազորված անձանց ներկայությամբ: Մրցութային հանձնաժողովը պարտավոր է առնվազն երկու շաբաթ առաջ նախաորակավորում անցած մրցույթի բոլոր մասնակիցներին ուղարկել հրավեր` մասնակցելու մրցութային առաջարկների բացման արարողությանը: Մրցութային հանձնաժողովը բոլորի համար տեսանելի ձևով ցույց է տալիս և հայտարարում մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից առաջարկված բաժնետոմսերի գնման գինը: Մրցութային առաջարկների բացումից և ցուցանիշների հայտարարումից հետո մրցութային հանձնաժողովը նյութերն ուսումնասիրելու, քննարկելու և որոշումներ կայացնելու համար գումարում է նիստ` մրցույթի մասնակիցներին նախօրոք տեղեկացնելով մրցույթի արդյունքների հրապարակային ամփոփման վայրի, օրվա և ժամի մասին:
7. Մրցույթի մասնակիցն առաջարկում է բաժնետոմսերի փաթեթի գնման գինը` ԱՄՆ դոլարով: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի առաջարկը համապատասխանում է մրցույթի պայմաններին, և որը բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկում է առավելագույն գին: Եթե մրցույթի երկու կամ ավելի մասնակիցներ առաջարկում են նույն գինը, ապա հաղթողը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անցկացվող աճուրդով:
8. Մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ցանկացած պահի որոշում կայացնել մրցույթը դադարեցնելու մասին: Այդ դեպքում մասնավորեցման հետագա ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում: