Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանումն իրականացվում է համաձայն Կողմերի պարտավորությունների, որոնք բխում են «Միջուկային զենքի չտարածման մասին» 1968 թվականի հուլիսի 1-ի պայմանագրից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից և արտահանման վերահսկման բազմակողմ պայմանավորվածություններից:
2. Սույն Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ստացած միջուկային նյութերը, սարքավորումները, ոչ միջուկային հատուկ նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց հիման վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային նյութերը, սարքավորումները, ոչ միջուկային հատուկ նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները`
չեն օգտագործվում միջուկային զենքի, այլ միջուկային պայթուցիկ սարքավորումների արտադրության կամ որևէ այլ ռազմական նպատակով.
գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո, «Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև միջուկային զենքի չտարածման պայմանագրի երաշխիքների կիրառման մասին» 1993 թվականի սեպտեմբերի 30-ի համաձայնագրին (INFCIRC/455) համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա իրավազորության տակ փաստացի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում.
ապահովված են ֆիզիկական պաշտպանության այնպիսի միջոցներով, որոնց մակարդակը ցածր չէ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` «Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանություն» INFCIRC /225 /Rev.4 փաստաթղթով երաշխավորվող մակարդակից.
վերաարտահանվում են կամ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից փոխանցվում են ցանկացած այլ երկիր միայն սույն հոդվածում բերված պայմաններով և հանդիսանում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների առարկա այնքանով, որքանով դա իրականանալի է երաշխիքների մասին համապատասխան համաձայնագրերի շրջանակներում:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող միջուկային նյութերը չեն հարստացվում մինչև 20% և ավելի` ուրան-235 իզոտոպի համար, ինչպես նաև չեն հարստացվում և վերամշակվում` առանց Ռուսաստանի Դաշնության նախնական գրավոր համաձայնության:
4. Սույն Համաձայնագրի համաձայն Ռուսաստանի Դաշնությունից ստացված` միջուկային նպատակներով կիրառվող` երկակի նշանակության սարքավորումները և նյութերը, համապատասխան տեխնոլոգիաները և նրանց ցանկացած վերարտադրված կրկնօրինակները`
օգտագործվում են միայն հայտարարված նպատակներով, որոնք կապված չեն միջուկային պայթուցիկ սարքավորումների ստեղծման գործունեության հետ.
չեն օգտագործվում միջուկային վառելիքային ցիկլի բնագավառում այն գործունեության իրականացման համար, որոնք չեն գտնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո.
չեն կրկնօրինակվում, վերափոխվում, վերաարտահանվում կամ փոխանցվում որևէ մեկին` առանց Ռուսական կողմի իրավասու մարմնի գրավոր թույլտվության` համաձայնեցված Ռուսաստանի Դաշնության տեխնիկական և արտահանման վերահսկման դաշնային ծառայության հետ:
5. Կողմերը համագործակցում են միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանման վերահսկման հարցերով: