Հոդված 4
Հոդված 4
Փոխադրամիջոցներ և սակագներ
1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են հնարավորության սահմաններում մուտքի և ելքի կետերում, անհրաժեշտության դեպքում` նաև ապրանքների փոխաբեռնման կետերում, տրամադրել համապատասխան փոխադրամիջոցներ և բեռնման ու բեռնաթափման սարքավորումներ, որպեսզի տարանցիկ փոխադրումն իրականացվի առանց անհարկի ձգձգումների։
2. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են պետության կողմից շահագործվող կամ կառավարվող հարմարությունների օգտագործմամբ տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառել այնպիսի սակագներ կամ վճարներ, որոնք, հաշվի առնելով փոխադրման պայմանները և առևտրային մրցակցության նկատառումները, ողջամիտ են թե՛ իրենց դրույքաչափերի և թե՛ իրենց կիրառման մեթոդների առումով։ Նշված սակագներն ու վճարները պետք է սահմանվեն այնպես, որ հնարավորինս դյուրացնեն տարանցիկ փոխադրումը, և չպետք է լինեն ավելի բարձր, քան պայմանավորվող պետությունների կողմից դեպի ծով մուտք ունեցող երկրների ապրանքների՝ իրենց տարածքով փոխադրման համար կիրառվող սակագներն ու վճարներն են: Սույն պարբերության դրույթները տարածվում են նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից շահագործվող կամ կառավարվող հարմարությունների օգտագործմամբ տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառվող սակագների և վճարների վրա` այն դեպքերում, երբ սակագները կամ վճարները սահմանվում են պայմանավորվող պետության կողմից, կամ երբ դրանք վերջինիս կողմից ենթակա են ստուգման: Սույն պարբերության մեջ կիրառվող «հարմարություններ» հասկացությունը ներառում է` փոխադրամիջոցներ, նավահանգստի սարքավորումներ և երթուղիներ, որոնց օգտագործման համար գանձվում են սակագներ կամ վճարներ:
3. Փոխադրման ցանկացած ծառայություն, որը ջրային ուղիների վրա տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով ստեղծվել է որպես մենաշնորհ, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի չխոչընդոտի նավերի տարանցմանը։
4. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված անխտրականության պայմաններին համապատասխան։