Հոդված 24.2. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի տրամադրման կարգն ու չափը
Հոդված 24.2 . Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի տրամադրման կարգն ու չափը
1. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որտեղ նշվում են զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), բնակության վայրը, անձնագրի (անձնագրերի) սերիան և համարը (սերիաներն ու համարները).
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու մասին հրամանագրի պատճենը.
3) տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տված տեղեկանքը` զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում է նաև խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի և թոռների, ընդ որում` այն եղբայրների, քույրերի ու թոռների մասին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
4) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրու, ծնողների, 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի և թոռների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, մինչև 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների համար` սովորելու մասին տեղեկանք` տրված նշված հաստատությունների կողմից.
5) հաշմանդամ զավակների, եղբայրների, քույրերի և թոռների համար` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի տված տեղեկանքի պատճենը.
6) այրու ամուսնության վկայականի պատճենը:
2. Համապատասխան փաստաթղթերի բացակայության և դրանց վերականգնման անհնարինության դեպքում զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատվում է դատական կարգով:
3. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի մեկ նպաստ: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն:
4. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը ծագում է`
1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում.
2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետից ավելի ուշ:
5. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24.2-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)