Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ

Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

3) տեղեկանք գործատուից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.

4) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.

5) երեխայի խնամքի նպաստի համար սույն մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:

2. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

3. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամիս անց: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:

4.1. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:

5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:

6. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմին:

7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված տեղեկանքները:

8. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:

9. Նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչև նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անձին, եթե նպաստը ստանալու համար նա դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝

ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,

գ) ծնողի աշխատելու,

դ) ծնողի աշխատանքից ազատվելու,

ե) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,

զ) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

11. Երեխայի խնամքի նպաստի չափը, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-224-Ն, խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-234-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։