Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը
Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը
1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում.
բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը.
գ) տեղեկանք բնակության վայրից` ընտանիքի կազմի մասին.
դ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը.
ե) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
զ) երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, և ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին:
2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
3.1 . Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:
3.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:
4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, դրա տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն, լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն, 27.11.08 ՀՕ-219-Ն)