Հոդված 7. Վտանգավոր համարվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր և դրանց տնօրինումը
Հոդված 7. Վտանգավոր համարվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր և դրանց տնօրինումը
1. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը համարվում են վտանգավոր, եթե`
1) չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին.
2) չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ.
3) պիտանիության ժամկետն անցել է:
2. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթակա են հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար:
3. Եթե բացակայում է ապրանքն ուղեկցող փաստաթուղթը, և ապրանքի սեփականատերը չի կարող հավաստել վերջինիս ծագումը, և առկա են փչացման նշաններ, կամ առկա է մարդու առողջությանը սպառնացող վտանգ, ապա տվյալ արտադրանքի խմբաքանակը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման ժամանակ, եթե բացակայում են ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, ապա այն վերադարձվում է արտահանող երկիր:
5. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր տնօրինողը դրանց վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետևյալ քայլերը`
1) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթարկել առանձին հաշվառման ու պահման` բացառելով վերջինիս հասանելիությունը սպառողին.
2) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:
6. Վերահսկող մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:
7. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:
8. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը տնօրինողի միջոցների հաշվին: