Հոդված 6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը, վերագրանցումը և գրանցումից հանելը
Հոդված 6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը, վերագրանցումը և գրանցումից հանելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման:
2. Պեստիցիդների և (կամ) ագրոքիմիկատների պետական գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը` պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված նոր պեստիցիդների և (կամ) ագրոքիմիկատների պետական գրանցումը իրականացվում է, եթե`
1) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.
2) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:
4. Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:
5. Սույն օրենքով սահմանված դեպքերում պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
6. Պեստիցիդները և (կամ) ագրոքիմիկատները գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրված տվյալները պաշտպանված են և հրապարակման ենթակա չեն, եթե փաստաթղթային փաթեթի ներկայացման ժամանակ դիմողը պահանջել է ազդող նյութի, հակաթույնի կամ համագործչի, օժանդակ նյութերի և պեստիցիդների վերաբերյալ փորձերի և հետազոտությունների արդյունքների մասին տվյալների պաշտպանություն, ինչպես նաև հաստատում այն մասին, որ փորձերի և հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տվյալների պաշտպանության ժամկետ երբեք չի սահմանվել կամ սահմանված որևէ ժամկետ չի լրացել:
7. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցվում են տասը տարի ժամկետով, և գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրվում է գրանցման վկայական:
8. Պեստիցիդները և ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե`
1) լրացել է գրանցման ժամկետը և վերագրանցման մասին հայտ է ներկայացվել.
2) մինչև գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել պեստիցիդների և (կամ) ագրոքիմիկատների ազդող նյութերի կամ լցանյութերի տոկոսային հարաբերությունների փոփոխություն:
9. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե լրացել է գրանցման ժամկետը, կամ ներկայացվել է գրանցումից հանելու հայտ: