Հոդված 15. Փորձաքննության ենթակա հայեցակարգերը
Հոդված 15. Փորձաքննության ենթակա հայեցակարգերը
1. Փորձաքննության ենթակա են հայեցակարգերը, որոնք վերաբերում են`
- սոցիալ-տնտեսական,
- էներգետիկայի,
- քաղաքաշինության,
- տրանսպորտի,
- կապի,
- գյուղատնտեսության,
- ձկնային տնտեսության,
- լեռնահանքային արդյունահանության,
- արդյունաբերական ճյուղերի,
- առողջապահության,
- սոցիալական,
- բնապահպանության,
- հանգստավայրերի, զբոսաշրջիկության և սպասարկման ոլորտի զարգացման բնագավառներին:
Տարածքային պլանավորման փաստաթղթերը և պաշարների համալիր օգտագործման սխեմաները նույնպես համարվում են հայեցակարգեր:
2. Ներկայացնողը պարտավոր է հայեցակարգի մշակման ընթացքում իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար հետազոտությունների համապատասխան ծավալը:
3. Ներկայացնողը պարտավոր է, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, հաստատված կարգով ապահովել հայեցակարգի և շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության գնահատման հրապարակումը` հասարակական լսումներից առնվազն 30 օր առաջ:
4. Ներկայացնողը պարտավոր է կազմակերպել հայեցակարգի հասարակական լսումներ և հաշվի առնել հասարակական կարծիքը:
5. Ներկայացնողը հայեցակարգը ներկայացնում է լիազորված մարմին, որը կազմակերպում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և կայացնում համապատասխան որոշում հայեցակարգը ստանալուց հետո 90-օրյա ժամկետում:
6. Հայեցակարգը հաստատող մարմինն իրավունք չունի ընդունել հայեցակարգն առանց լիազորված մարմնի կողմից տրված դրական փորձաքննական եզրակացության: