Հոդված 9. Փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ մասնագիտական եզրակացության ապահովումը
Հոդված 9. Փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ մասնագիտական եզրակացության ապահովումը
1. Մասնագիտական եզրակացությունը կարող են մշակել միայն լիազորված անձինք, որոնք ստացել են լիազորված մարմնի կողմից տրված մասնագիտական իրավասության հավաստագրեր:
2. Մասնագիտական իրավասության հավաստագրի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Լիազորված մարմինը ապահովում է հասարակայնության մասնակցությունը լիազորված անձանց ընտրման բոլոր փուլերում:
4. Լիազորված մարմինը ստեղծում և պարբերաբար վերանայում է լիազորված անձանց վերաբերյալ տվյալների բանկը:
5. Փաստաթղթերը ստանալուց հետո 70-օրյա ժամկետում լիազորված մարմինը լիազորված անձանց միջոցով ապահովում է փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության մշակումը: Մասնագիտական եզրակացության մշակման ընթացքում հաշվի են առնվում հասարակական, ազդակիր համայնքի և համապատասխան պետական մարմինների կարծիքները: Հիմնավորելու դեպքում լիազորված մարմինը կարող է նշված ժամկետը երկարացնել, բայց ոչ ավել, քան 180 օր:
6. Մասնագիտական եզրակացության մշակման աշխատանքներում արգելվում է ներգրավել այն լիազորված անձանց, որոնք մասնակցել են փաստաթղթերի մշակմանը:
7. Մասնագիտական եզրակացությունը մշակելիս փորձաքննության են ենթարկվում`
ա) փաստաթղթերի լիարժեքությունը.
բ) հասարակության, ազդակիր համայնքի և պետական շահագրգիռ մարմինների կարծիքները.
գ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության բոլոր դրական և բացասական ազդեցությունների առկայության ամբողջականությունը, ինչպես նաև դրանց փոխներգործությունը.
դ) կիրառված գնահատման մեթոդները և տեղեկատվության ամբողջականությունը.
ե) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության վերացման կամ նվազեցման նպատակով առաջարկված տեխնիկական լուծումների համապատասխանությունը ժամանակակից գիտական և տեխնիկական մակարդակին.
զ) նախատեսված գործունեության այլընտրանքային լուծումները.
է) շրջակա միջավայրի վրա նախատեսված գործունեության վնասակար ազդեցության բացառման կամ նվազեցման, ինչպես նաև նախատեսված գործունեության կիրառման և շահագործման միջոցառումների և անհրաժեշտ պայմանների վերաբերյալ առաջարկությունները:
8. Մասնագիտական եզրակացությունը պարունակում է առաջարկություն դրական կամ բացասական փորձաքննական եզրակացության վերաբերյալ:
(9-րդ հոդվածը փոփ. 13.05.97 ՀՕ-114)