Հոդված 6
Հոդված 6
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը) Կողմի տարածքի մի մասից դրա տարածքի այլ մաս մեկ ուրիշ Կողմի տարածքով իրականացնելու համար թույլատրման փաստաթղթեր ձեռք բերելու պահանջ չի ներկայացվում:
Նշված փոխադրումը (ներքին տարանցումը) իրականացվում է իրավաբանական անձանց կողմից գրավոր ծանուցման նոտարական հաստատմամբ պատճենի առկայության դեպքում, որը ոչ ուշ, քան փոխադրումը (ներքին տարանցումը) սկսելուց առաջ 45 օրվա ընթացքում ուղարկվում է այն Կողմի իրավաբանական հասցեով, որի տարածքից և որի տարածք իրականացվում է փոխադրումը (ներքին տարանցումը), և որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
փոխադրումն (ներքին տարանցումը) իրականացնող իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն,
փոխադրվող թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու քանակը,
այն փոխադրամիջոցի տեսակը, որով իրականացվում է փոխադրումը (ներքին տարանցումը),
Կողմերի պետական սահմանների հատման ենթադրյալ ամսաթիվը և վայրը,
այն Կողմի անվանումը, որի տարածքով իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը),
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի կամ պրեկուրսորների փոխադրումն (ներքին տարանցումը) ու դրա գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն:
Իրավաբանական անձը սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ուղարկում է իր պետության իրավասու մարմին պատվիրված նամակով (հանձնման մասին ծանուցմամբ) կամ այդ ծանուցումը փոխանցում է այլ եղանակով, որն այն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն է տալիս:
Այն Կողմի իրավասու մարմինը, որի տարածքից և որի տարածք իրականացվում է փոխադրումը (ներքին տարանցումը), սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է դրա պատճենն այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվելու է այդպիսի փոխադրումը (ներքին տարանցումը): Սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ուղարկելու պահանջ չի ներկայացվում, եթե թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և պրեկուրսորները գրանցված չեն այն Կողմի ազգային ցանկում, որի տարածքով իրականացվելու է այդ փոխադրումը (ներքին տարանցումը):