Անցնել բովանդակությանը

Հոդված 149.11. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 149.11. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

1. Եթե կողմերը հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կամ այլ կերպ չեն սահմանել հաշտարարին ընտրելու ընթացակարգ, ապա հաշտարարի ընտրությունը կողմերը պետք է իրականացնեն վեճը առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե կողմը խուսափում է հաշտարարի ընտրությունից, ապա մյուս կողմն իրավունք ունի դիմելու իր բնակության վայրի դատարան՝ հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե կողմերը չեն կարողանում ընտրել հաշտարար, ապա իրավունք ունեն դիմելու դատարան` արտոնագրված հաշտարար նշանակելու մասին դիմումով։ Դիմումը պետք է պարունակի սույն մասով նախատեսված տեղեկություններ, դիմումին պետք է կցվի հաշտարարության համար հիմք հանդիսացող ապացույցը, ինչպես նաև ստորագրվի դիմող անձի կամ լիազորված անձի կողմից: Դիմումը և կից փաստաթուղթը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարար, եթե դիմումը համապատասխանում է սույն մասով սահմանված պահանջներին։

2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ վարույթի ցանկացած փուլում դատարանը կողմերին հաշտեցնելու նպատակով կողմերի համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց: Դատարանը նշանակում է կողմերի ընտրած արտոնագրված հաշտարարին, իսկ այն դեպքում, երբ կողմերը չեն ընտրում արտոնագրված հաշտարար, դատարանը արտոնագրված հաշտարար է նշանակում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով։

3. Հաշտարարություն նշանակելու վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում, որտեղ նշվում են կողմերը, կողմերի միջև առկա վեճի բնույթը և հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, ազգանունը և այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի օրը և ժամը: Դատարանի որոշումն ընդունելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, հանձնվում է արտոնագրված հաշտարարին: Հաշտարարության արդյունքում կողմերի չհաշտվելու դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից:

4. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը իրականացնում է արտոնագրված հաշտարարների ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառումը։ Արտոնագրված հաշտարարը նշանակվում է համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության` արտոնագրված հաշտարարի մասնագիտացման և ծանրաբեռնվածության աստիճանին համապատասխան։ Ամենաքիչ ծանրաբեռնվածություն ունեցող արտոնագրված հաշտարարը, եթե ունի վիճելի իրավահարաբերության համապատասխան ոլորտի մասնագիտացում, ընտրվում է անկախ ազգանվան այբբենական հաջորդականությունից։

Արտոնագրված հաշտարարի թափանցիկ ընտրությունն ու նշանակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, ինչպես նաև ներդրվել սահմանված պահանջների կատարումն ապահովող ընտրության ավտոմատացված համակարգեր։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։