Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 16.1

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 16.1.

Հարկային պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Հարկային պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում և այլ փաստաթղթերում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Հարկ վճարողի լուծարման դեպքում հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները, գերավճարները և գերավճարից տարբերվող գումարներն անտեսվում են:

Հարկային պարտավորությունները (այդ թվում` կանխավճարները) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ հարկային պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից, իսկ հաշվանցվող (նվազեցվող, պակասեցվող) գումարները` առաջին հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվով:

Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված հարկ վճարողի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հարկային մարմին հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ հարկ վճարողի լուծարման, ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի հաշվարկների): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների, հաշվեկշիռների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը և դրանից հետո ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից, հաշվեկշիռներից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ):

Հարկ վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Հարկ վճարողի կողմից միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), որոնք չեն համարվում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ):

Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հաշվետվություններ) և դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):

Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ) և դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ):

(16.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ. 07.12.11 ՀՕ-308-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, փոփ. 19.11.14 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։