Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 26

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 26.

Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

Սույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված ապօրինի կամ արգելված գործունեության իրականացման համար տուգանքների կիրառման առումով ապօրինի կամ արգելված գործունեություն իրականացնողի իրացման շրջանառության (համախառն եկամտի) որոշման անհնարինության դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

ա) անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

բ) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը.

գ) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության շրջանակներում վարձու աշխատող չհանդիսացող ընտանիքի անդամի գործունեությունը:

Սույն հոդվածը չի կիրառվում`

ա) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված և օրենքով նախատեսված գործունեության իրականացման համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, բացառությամբ օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցվել է լիցենզավորող մարմնի որոշմամբ,

բ) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով,

գ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:

(26-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-289, 11.12.02 ՀՕ-484-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-53-Ն, 27.11.06 ՀՕ-188-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-253-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-197-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-134-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։