Հոդված 28
Հոդված 28.
Հարկ վճարողի, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողի, կողմից սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքների) տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից:
Սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման`
1) երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից.
2) երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Սույն հոդվածի կիրառման իմաստով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ`
1) գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված վավերապայմաններին բավարարող ուղեկցող փաստաթղթերի կամ
2) առկա է գործարքի կամ գործողության գծով ուղեկցող փաստաթուղթը, որը, սակայն, սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգով գրանցված չէ:
(մասն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-39-Ն)
Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:
Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ մինչև տուգանքի գումարի վճարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա դրվում է արգելանք, բացառությամբ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքերի: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում խախտման հայտնաբերման պահին անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու համար՝ ապահովելով մինչև խախտման հայտնաբերման օրվա ավարտը արգելադրման մասին որոշման կայացումը և պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնումը հարկ վճարողին: Ապրանքի արգելադրման մասին որոշման մեջ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրված ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Արգելադրումն իրականացվում է ապրանքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով: Արգելանքը դրվում է հարկ վճարողի անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է երեք ամսից:
Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:
Սույն հոդվածով նախատեսված արգելադրման մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում արգելադրման համար հիմք հանդիսացած խախտման համար սույն հոդվածով սահմանված տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելու պահից:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:
Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը`
1) ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն կետում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.
2) ձեռք բերող հարկ վճարողի և ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով`
ա. 2015 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում,
բ. 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ (այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`
1) կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տրամադրելու և այդ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրելու կարգը.
2) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակելու կարգը.
3) կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումը վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը:
(28-րդ հոդվածը խմբ. 28.09.98 ՀՕ-251, փոփ. 14.12.01 ՀՕ-289, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, 25.12.03 ՀՕ-53-Ն, 16.12.05 ՀՕ-260-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, 11.05.11 ՀՕ-154-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, 21.06.14 ՀՕ-134-Ն, խմբ. 19.11.14 ՀՕ-185-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-39-Ն)
(28-րդ հոդվածի 1-ին, 5-րդ, 6-րդ և 2-րդ մասերը 19.11.14 ՀՕ-185-Ն օրենքի փոփոխությամբ և խմբագրությամբ ուժի մեջ կմտնեն 01.01.2016 թ.)