Հոդված 3
Հոդված 3
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատում է հսկիչ նշաններով մակնշման ենթակա ապրանքների ցանկը (այսուհետ` Ցանկ)։
2. Ցանկը հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումը (այսուհետ` որոշում) ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան այդ որոշման պաշտոնական հրապարակումից հետո 60 օրացուցային օրը լրանալուց հետո։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 16-րդ կետով նախատեսված կարգով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված)։
3. Հսկիչ նշաններով մակնշվում են Ցանկում ներառված, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և (կամ) Միության անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքները` բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։
Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների մակնշումը հսկիչ նշաններով` Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս։
4. Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.
ա) արգելվում է Ցանկում ներառված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, տրանսպորտային փոխադրումը և վաճառքը` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Միության անդամ պետությունների տարածքներում` առանց հսկիչ նշանների կամ ապրանքների վրա սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով` բացառությամբ Ցանկում ներառված ապրանքների` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային սենքեր տրանսպորտային փոխադրման, և նման սենքերում նշված ապրանքների պահպանման,
բ) Ցանկում ներառված ապրանքների ձևակերպումը «վերաներմուծում» և «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով իրականացվում է այդ ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։
Հսկիչ նշաններով մակնշումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային սենքերում, եթե նման մակնշման հնարավորություն նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։
5. Ցանկում ներառված ապրանքների` հսկիչ նշաններով մակնշման վերաբերյալ պահանջները չեն տարածվում հետևյալի վրա.
ա) մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների տրանսպորտային փոխադրում` դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,
բ) ապրանքների տրանսպորտային փոխադրում` մաքսային հսկողության ներքո,
գ) ստանդարտացման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով իրականացվող փորձարկումների անցկացման համար նախատեսված ապրանքների` անհրաժեշտ քանակով փորձանմուշների ու նմուշների տրանսպորտային փոխադրում և պահպանում,
դ) միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների ու մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծված ապրանքներ,
ե) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն հանդիսացող ապրանքներ,
զ) մանրածախ առևտրի շրջանակներում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերված և գնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների տրանսպորտային փոխադրում և պահպանում` ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,
է) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացում (վաճառք),
ը) մաքսային հսկողության գոտիներում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանում` ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում,
թ) ապրանքների պահպանում և օգտագործում` դրանք արտադրողների կողմից,
ժ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանում, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով` նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում` նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,
ժա) բռնագանձված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամուտի վերածված ապրանքների և այնպիսի ապրանքների ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տրանսպորտային փոխադրում և վաճառք, որոնց վրա բռնագանձումը տարածվում է չկատարված այն պարտավորությունների հաշվին, որոնք նախատեսված են անդամ պետությունների հարկային և մաքսային օրենսդրությամբ,
ժբ) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծված և մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների տրանսպորտային փոխադրում, պահպանում և օգտագործում։