Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնում են իրավասու (լիազոր) մարմինների մասին։
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կհաստատի`
ա) հսկիչ նշանի բնութագիրը, դրա զետեղման կարգը, ինչպես նաև այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք պետք է պարունակվեն հսկիչ նշաններում,
բ) ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները,
գ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից փոխանցվում են իրենց անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,
դ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում են իրենց անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,
ե) անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը, ինչպես նաև սույն Համաձայնագրի կատարման դիտանցման և հսկողության, ինչպես նաև Ցանկում ներառված ապրանքների շրջանառության և օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները։
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կորոշեն հսկիչ նշանների իրացման և հաշվառման կարգը։
4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կապահովեն ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգի գործունեությունը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված պահանջներին համապատասխան։
5. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների ռեեստրները, որոնք կիրականացնեն հսկիչ նշանների պատրաստումն ու իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։
6. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կսահմանեն այն մասնագիտացված պահեստային սենքերին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է ներքին սպառման, ինչպես նաև վերաներմուծման համար դրանց բացթողումից հետո ապրանքների` հսկիչ նշաններով մակնշումը, և (կամ) կորոշեն այդ պահեստային սենքերի ցանկը։