Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը
Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը
1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:
2. Մշտական հանձնաժողովները կազմավորվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում և գործում են մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
3. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն օրենքի 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքները:
4. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեության ոլորտներն են՝
ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր.
բ) գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ.
գ) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն և ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն.
դ) սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ սոցիալական ապահովություն, առողջապահություն, բնության պահպանություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.
ե) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, ընտրական համակարգ, սահմանադրական փոփոխություններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական և նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական և այլ օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ.
զ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջե, վարկեր, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ և դրամաշրջանառություն, ներդրումներ, բանկային համակարգ և ֆինանսավարկային կազմակերպություններ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, կապ և հեռահաղորդակցություն, առևտուր և ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, մասնավորեցում, շուկայական ենթակառուցվածքներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր:
5. Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
6. Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և 5 փորձագետ, իսկ մնացած մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը՝ մեկ գործավար և 4 փորձագետ:
7. Մշտական հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) հանդիսանում են Աշխատակազմի աշխատակիցներ: Նրանք աշխատանքի են ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են հանձնաժողովի անդամների աշխատանքին:
8. Աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով և օրաթերթերով: