Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները
Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները
1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են՝
ա) պատգամավորի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
բ) 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան.
գ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:
2. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։
3. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության դռնբաց նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:
4. Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին առնվազն երեք օր առաջ տեղեկացնում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:
5. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, պատգամավորի պահանջով, ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել պատգամավորին՝ քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հանդիպման համար:
6. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված գործունեության այլ երաշխիքներ:
7. Պատգամավորի գործունեության երաշխիքները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում` օրենքով սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն)